Փորձված քայլեր Product Hunt-ում հայտնվելու համար
• Customer Support
• FastBank

Product Hunt-ը հարթակ է, որը միավորում է նորարարական լուծումներ առաջարկող պրոդուկտների և մարդկանց: Product Hunt-ի (PH) նորարարական պրոդուկտների շարքում տեղ գտնելու համար անհրաժեշտ է իրականցնել մանրակրկիտ թիմային աշխատանք, հստակ պլանավորել անելիքները և հետևողական քայլերի շնորհիվ հասնել ցանկալի վերջնարդյունքին: Hoory AI-ի անցած ճանապարհը դեպի Product Hunt իսկապես տպավորիչ էր․ ուստի, մենք ցանկանում ենք կիսվել մեր փորձառությամբ և հաջողության հասնելու գաղտնիքներով։
Hoory AI-ը ուշագրավ հաջողություն գրանցեց Product Hunt-ում՝ ձեռք բերելով երեք պատվավոր տիտղոսներ տարբեր անվանակարգերում․ մենք ճանաչվեցինք շաբաթվա 1-ին SaaS պրոդուկտ, ինչպես նաև շաբաթվա 2-րդ AI պրոդուկտ և ընդհանուր շաբաթվա 2-րդ պրոդուկտ: Product Hunt-ում հայտնվելուց ընդամենը 19 ժամ անց մեզ միացան ավելի քան 2000 նոր օգտատերեր:
Այժմ, եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով գործարկել պրոդուկտը Product Hunt-ում: Խոսքը միայն հարթակում հայտնվելու մասին չէ, այլ կազմակերպված ձևով հաղթական արշավ սկսելու, որը ձեր պրոդուկտը կտանի արդյունավետ գործարկման։
Ինչպե՞ս հաջողության հասնել Product Hunt-ում
-
Սահմանե՛ք հստակ նպատակներ. նախ և առաջ, հասկացեք, թե ինչու արժե հենց հիմա PH-ում գործարկել պրոդուկտը և դրեք հստակ նպատակներ: Անկախ նրանից՝ այս քայլը նոր օգտատերեր ձեռք բերելու համար է, թե ձեր կայքում տրաֆիկի ավելացման, կարևոր է նախապես սահմանել նպատակներ, որպեսզի հետագայում արդյունքներից հասկանաք, թե քանիսն եք կարողացել իրականացել, քանիսը՝ ոչ։
-
Ստեղծե՛ք անելիքների ցանկ․ այս հարցում ձեզ կօգնի մեր ստեղծած և արդեն իսկ կիրառած անելիքների ցանկը, որպեսզի ավելի արագ և օպերատիվ ձևով կազմակերպեք ձեր աշխատանքը: Այս համապարփակ ուղեցույցն ընդգրկում է ամեն ինչ՝ սկսած պրոդուկտի գործարկման նախապատրաստական աշխատանքներից և մեկնարկից մինչև դրան հաջորդող ողջ ընթացքը։
-
Առաջարկե՛ք նորարարական լուծումներ. մեր հաջողության կարևորագույն գործոններից մեկը ինովացիոն արտադրանք առաջարկելն էր: Համոզվեք, որ ձեր արտադրանքը նույնպես առանձնանում է և լուծում է ձեր թիրախային լսարանին հուզող առաջնային խնդիրները։
-
Օգտագործե՛ք սոցիալական ցանցերը. ակտի՛վ եղեք սոցիալական հարթակներում, տելեգրամյան ալիքներում և լրատվական խմբերում՝ պրոդուկտի գործարկման մասին լուրերը տարածելու, ոգևորություն առաջացնելու և պրոդուկտի հանրային տեսանելիությունը բարձրացնելու համար։
-
Տարածե՛ք հստակ հաղորդագրություն. համոզվեք, որ ձեր առաջարկը պարզ և հասկանալի ձևով է շարադրված: Օգտատերերը պետք է հստակ հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ձեր պրոդուկտը և ինչու արժե այն օգտագործել։
-
Շփվե՛ք օգտատերերի հետ. ստեղծեք անհատական հաշիվներ և առցանց տիրույթում շփվեք օգտատերերի հետ, քանի որ PH-ում վստահություն ներշնչելու համար անհրաժեշտ է զգալի ակտիվություն ցուցաբերել։
-
Ապահովե՛ք թիմային աշխատանք. հիշեք, որ PH-ում հաջողության լավագույն գրավականը թիմային աշխատանքն է: Բաշխեք աշխատանքը ձեր թիմակիցների միջև և, օգտագործելով նրանց հմտություններն ու կապերը, միասին առաջ տարեք պրոդուկտը:
-
Հետևողականորեն բարձրաձայնեք ձեր պրոդուկտի մասին. մի՛ վախեցեք տարբեր առիթներով բարձրաձայնել պրոդուկտի մասին՝ լինի դա մեկնարկից առաջ, մեկնարկի օրը, թե շաբաթվա ընթացքում: Հետևողական հիշեցումները օգտատերերի մտքում կպահեն ձեր պրոդուկտը։
Քայլ առ քայլ ուղեցույց
Ինչպես նշեցինք վերևում, մենք ստեղծել ենք հաջորդական քայլերի ցանկ, որն ընդգրկում է պրոդուկտի գործարկման բոլոր կարևոր կետերը։ Ահա՛ դրանք․
Պրոդուկտի գործարկմանը նախորդող քայլեր
Պրոդուկտի բուն գործարկումից առաջ պետք է նախապես մի շարք կարևոր քայլեր իրականացնել։ Ահա՛ այդ ռազմավարական քայլերից ամենակարևորները․
-
Շփում PH համայնքի հետ. նախքան պրոդուկտի գործարկումը՝ ուսումնասիրեք Product Hunt համայնքը և ծանոթություններ հաստատեք:
-
Ակտիվ ներգրավվածություն. մասնակցեք հարթակում ընթացող քննարկումներին և խոսակցություններին։
-
Կայուն ներկայություն. մեկնարկից առնվազն երեք ամիս առաջ սկսեք ձեր ակտիվ գործունեությունը՝ մեկնաբանություններ թողնելով, քվեարկելով տարբեր պրոդուկտների օգտին և մասնակցելով քննարկումներին։
-
Նոր կապեր. կցեք ձեր կայքը և Twitter-ի հաշիվը՝ պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ կապեր հաստատելու համար:
-
Սովորեք ուրիշներից. ուսումնասիրեք այլ պրոդուկտների փորձը՝ արդյունավետ ռազմավարություն որդեգրելու համար:
-
Ուսումնասիրեք PH համայնքը. հասկացեք Product Hunt համայնքի նախապատվությունները՝ ձեր մոտեցումը համապատասխանաբար հարմարեցնելու նպատակով:
Պրոդուկտի բուն գործարկման ընթացք
Product Hunt-ում ձեր պրոդուկտը գործարկելու նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է որոշել, թե երբ սկսել բուն գործարկման գործընթացը։
Product Hunt-ը գործում է խաղաղօվկիանոսյան ստանդարտ ժամանակով, ինչը նշանակում է, որ հարթակում օրվա տիտղոսների համար պայքարը սկսվում է 12:01-ին (PST): Ճիշտ պահը բաց չթողնելու համար լարեք զարթուցիչը և գործարկեք ձեր պրոդուկտը հենց օրվա սկզբին, որպեսզի առավելագույն արդյունքներ կարողանաք գրանցել հարթակում։
Հանգստյան օրերին նույնպես կարելի է գործարկել պրոդուկտը․ թեև տեխնոլոգիական աշխարհից հնարավոր է փոքր-ինչ պասիվություն նկատվի, այնուամենայնիվ PH-ում ձեր պրոդուկտի էջը այցելությունների 15% աճ կարող է գրանցել։ Սա լավ տարբերակ է փոքր թիմերի, երկրորդային նշանակության նախագծերի կամ անձնական հավելվածների համար:
Գործարկման չափանիշներ
Ձեր պրոդուկտը Product Hunt-ում հաջողությամբ գործարկելու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ կետերի առկայությունը․
-
Պրոդուկտի ներկայացում. մուտք գործեք Product Hunt, սեղմեք «Submit», ընտրեք «New Product» և մուտքագրեք ձեր պրոդուկտի URL-ը:
-
URL. հղում տվեք ձեր կայքին կամ պրոդուկտի ներբեռնման էջին։
-
Ապրանքի անվանումը. մուտքագրեք պրոդուկտի անվանումը առանց մանրամասների և ավելորդ նշումների։
-
Նշում. 60 նիշի սահմաններում հետաքրքիր և գրավիչ ձևով ներկայացրեք ձեր պրոդուկտը:
-
Լրացուցիչ հղումներ. ներառեք հղումներ դեպի App Store, Google Play կամ Amazon, եթե կան այդպիսիք:
-
Կատեգորիաներ. ընտրեք համապատասխան կատեգորիաներ, որոնք ձեր պրոդուկտը կհասցնեն նախընտրելի լսարանին։
-
Նկարագրություն. 260 նիշի սահմաններում հակիրճ ներկայացրեք ձեր պրոդուկտը:
-
Նկար. ընտրեք քառակուսի նկար, նախընտրելի է 240x240 չափով: Անիմացիոն GIF-եր նույնպես կարող եք օգտագործել:
-
Վիզուալներ․ կախված ձեր պրոդուկտից՝ ձեզ կարող են անհրաժեշտ լինել մեկից ավելի վիզուալներ։ GIF-եր օգտագործելը ողջունելի է, պահանջվող չափը՝ 1270x760:
-
Տեսանյութ. 2021թ․-ից ի վեր գործարկված «Օրվա պրոդուկտների» կեսից ավելին պարունակում են տեսանյութեր։ Հաշվի՛ առեք այս հանգամանքը։
-
Պրոդուկտը ստեղծող թիմ. ներգրավեք պրոդուկտի ստեղծման մեջ ներդրում ունեցած մարդկանց և համատեղ ուժերով ներկայացրեք պրոդուկտը։
-
Գին. նշեք, թե ինչ գնային քաղաքականություն եք առաջարկում։
-
Հատուկ առաջարկ. տրամադրեք պրոմո կոդ՝ ձեր առաջարկը է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար։
-
Մեդիա. նախօրոք Product Hunt-ին ձեր համաձայնությունը տալու դեպքում հարթակը ավելի ուշ կարող է տարածել ձեր պրոդուկտի գրանցած արդյունքները իր համայնքի շրջանակներում։
-
Առաջին մեկնաբանություն. առաջին մեկնաբանությունը ինքներդ թողեք: Լավագույն պրոդուկտների 70%-ը հենց այդպես է կարողանում թեժ քննարկումներ նախաձեռնել։
-
Քննարկում. կառավարեք քննարկումների ընթացքը՝ մարդկանց ուշադրությունը ուղղելով նախընտրելի կետերի վրա։
-
Ձեռք բերեք Product Hub-ի հասանելիություն. պրոդուկտի գործարկումից հետո անհրաժեշտ է ձեռք բերել Product Hub-ում հետագա թարմացումներ կատարելու հասանելիություն։
-
Պահը հասավ․ խորը շունչ քաշեք և սեղմեք Submit։
-
Անմիջապես արձագանքեք մեկնաբանություններին. հնարավորինս արագ պատասխանեք մարդկանց մեկնաբանություններին և օգտագործեք ազատ ամեն մի րոպե՝ նրանց հետ անհատապես շփվելու համար։
Գործարկմանը հաջորդող ընթացք
Շնորհավորում ենք ձեզ մեկնարկի կապակցությամբ:
Բայց սա դեռ միայն սկիզբն է: Ահա՛ որոշ կարևոր քայլեր՝ պրոդուկտի շուրջ քննարկումն ու հետաքրքությունը ակտիվ պահելու համար։
-
Նախ և առաջ, օգտագործեք առիթը ձեզ աջակցող և հետևող մարդկանց շնորհակալություն հայտնելու համար՝ միաժամանակ նրանց ևս մեկ անգամ ձեր պրոդուկտի մասին հիշեցնելով։
-
Հաշվի առեք՝ մարդիկ ներդրումներ են կատարում ոչ միայն պրոդուկտների մեջ, այլ նաև դրա թիկունքում գտնվող մարդկանց աշխատանքի մեջ: Գնահատե՛ք նրանց ներգրավվածությունը:
-
Հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց ուղղորդեք դեպի վաճառքի ավելի խորը փուլեր՝ փորձելով նրանց դարձնել համատարիմ հաճախորդներ: Միայն ակտիվ և հետևողական հաղորդակցության շնորհիվ դուք կարող եք նրանց ձեզ մոտ բերել։
-
Այս ամենին զուգահեռ՝ տարածեք ձեր պրոդուկտի հղումները սոցիալական ցանցերում և մյուս բոլոր հնարավոր հարթակներում, որպեսզի մարդկանց տպավորությունները առավելագույնս թարմ մնան։
Արդյունքների ամփոփում և վերլուծություն
Պրոդուկտի՝ PH-ում հայտնվելուց հետո շատ կարևոր է ամփոփել և վերլուծել գրանցած արդյունքները։
Յուրաքանչյուր կողմ քվեարկություն և մեկնաբանություն, յուրաքանչյուր հիշատակում և քլիք կարևոր է։ Միավորելով այս բոլոր տվյալները՝ դուք կարող եք հստակ պատկերացում կազմել ձեր պրոդուկտի իրական պոտենցիալի մասին։
Սակայն հարկ է նաև նշել, որ հաջողությունը միայն թվերով չէ, որ պետք է չափել։ PH-ում հայտնվելու ուղին ինքնին մեծ փորձ է թե՛ պրոդուկտի, թե՛ թիմի համար, որ անգնահատելի գիտելիք և մտքեր է տալիս հետագա զարգացման համար։
Եթե կարդում եք այս հոդվածը, շատ հավանական է, որ շուտով դուք ևս անցնելու եք այս ճանապարհով։ Ուստի, կարող եք օգտվել Hoory AI-ի հեղինակային ուղեցույցից և հեշտացնել ձեր գործը՝ կատարելով ավելի ուղղորդված քայլեր։
Եզրակացություն
Ամփոփելով PH-ում հայտնվելու մոտեցումները՝ մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել, որ հատուկ մշակված ռազմավարություն ունենալը առանցքային դեր ունի հաջողության հասնելու գործում: Hoory AI-ի փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ հաջողության հասնելու կարևորագույն տարրերն են հստակ նպատակներ սահմանելը, նորարարական լուծումներ ներկայացնելը, ուժեղ թիմային աշխատանքը և ակտիվ ներգրավվածությունը ընթացող քննարկումներին: Այս բոլոր քայլերին հետևելու դեպքում հաջողությունն անխուսափելի է։